header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկը կաջակցի Մատենադարանին կենսաբանական լաբորատորիայի վերազինման գործում
Կիսվել`
16.04.2024

ԱրարատԲանկը կաջակցի Մատենադարանին կենսաբանական լաբորատորիայի վերազինման գործում


Սույն թվականի ապրիլի 15-ին Մատենադարանի Ընծայաբերման սրահում տեղի ունեցավ Նվիրաբերության պայմանագրի և Համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։

Պայմանագրով ԱրարատԲանկի հովանավորությամբ կարդիականացվի և կվերազինվի Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան և կկազմակերպվի ու կանցկացվի Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը։ Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև առավել ընդգրկուն համագործակցություն ձևավորելու նպատակով ստորագրվել է նաև հուշագիր։

Ստորագրման արարողությանը մասնակցել են ԱրարատԲանկի Գործադիր տնօրեն Մհեր Անանյանը, Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը և «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Դանիելյանը։

«Աշխատում ենք ավելի քիչ խոսել ֆինանսական միջոցների ներգրավվածության մասին, որովհետև այն արժեքները, որ մենք տեսնում ենք այս շենքում՝ Մատենադարանում, իրականում անգնահատելի են։ Մատենադարանն ունի լաբորատորիա ունենալու խնդիր, որը պետք է համապատասխանի միջազգային բարձր չափանիշներին, որովհետև այստեղ դարերով պահվող ձեռագրերը կենդանի օրգանիզմներ են: Խնդիրներ են առաջանում և սովորական եղանակներով հնարավոր չէ պայքարել այդ խնդիրների դեմ: Այսօր աշխարհում ստեղծվում են նոր լաբորատորիաներ, ավելի հզոր, որ հնարավորություն են տալիս հնագույն ձեռագրերը պահել ավելի արդյունավետ, ճիշտ ու գիտական հիմքի վրա դրված: Մենք փորձում ենք արդիականացված ու վերազինված լաբորատորիա ստեղծել Մատենադարանի հետ համատեղ, ինչը պետք է գնահատվի որպես ազգանվեր գործ»,- նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«Ավելի քան 60 տարվա վերականգնման փորձ ունենք, բայց գիտեք, որ ձեռագրերը միայն ֆիզիկական վնասվածքներ չունեն, կան կենսաբանական վնասվածքներ, քիմիական վնասվածքներ և այդ է պատճառը, որ բոլորովին վերջերս ձևավորեցինք ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության խումբ և այդ խումբը պետք է օր ու գիշեր ուսումնասիրի մեր ձեռագրերի կենսաքիմիկան վիճակը։

Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև այս համագործակցությունը զուտ չի կարելի ընկալել, որ բանկը աջակցեց, և մենք ձեռք բերեցինք մեզ համար շատ անհրաժեշտ, շատ կարևոր տեխնիկական սարքավորումներ։ Շատ մեծ է նման համագործակցության բարոյահոգեբանական նշանակությունը և լիցքը», նշել է Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը։

Միջոցառման պաշտոնական հատվածին հետևեց «Ավետիս» լարային քառյակի անզուգական կատարումը, որով և ազդարարվեց նոր և ընդգրկուն համագործակցության սկիզբը։

Էջը թարմացվել է` 18.04.2024 | 21:40

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: