header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կորպորատիվ կառավարում
Կիսվել`

Կորպորատիվ կառավարում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում կորպորատիվ կառավարումը սկզբունքների, չափորոշիչների և կանոնների ամբողջական մի համակարգ է, որին համապատասխան Բանկում կանոնակարգվում են Բանկի բաժնետերերի, Բանկի Խորհրդի, Գործադիր մարմնի և Բանկի հաճախորդների փոխհարաբերությունները:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում կառուցել և զարգացնում է կորպորատիվ կառավարման համակարգը` առաջնորդվելով միջազգային չափանիշներով և համաշխարհային լավագույն փորձով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում կարծում ենք, որ կորպորատիվ կառավարման որակը Բանկի բնականոն և շարունակական զարգացման և հնարավոր ներդրումների ներգրավման գրավականն է, ինչպես նաև գործընկերների և ներդրողների համար` լրացուցիչ երաշխիք:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում կիրառվող կորպորատիվ կառավարման չափանիշները հնարավորություն են տալիս հավասարաչափ հաշվի առնել մեր բաժնետերերի, ներդրողների և հաճախորդների  շահերը` դրականորեն ազդելով Բանկի հետագա զարգացման և Բանկի հանդեպ սպառողի վստահության մակարդակի աճի վրա:

ԱՐԱՐԱԲԱՆԿ-ում համոզված ենք, որ Հայաստանի բանկային համակարգում առաջնային դիրքեր զբաղեցնելը պարտավորեցնում է ապահովել ոչ միայն ծառայությունների մատուցման բարձր որակ, այլ նաև բիզնես մշակույթի, սոցիալական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման բարձր չափանիշներ: 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կորպորատիվ կառավարման սկզբունքները.
Կորպորատիվ կառավարումը ներառում է Բանկի գործունեության ընդհանուր կառավարումը և իրականացվում է բաժնետերերի Ընդհանուր Ժողովի և Բանկի Խորհդրի կողմից`Բանկի գործադիր մարմնի միջոցով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում կորպորատիվ կառավարման սկզունքներն են.

  • ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների կատարումը
  • Բանկի բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությունը
  • Բանկի բոլոր բաժնետերերի նկատմամբ հավասար վերաբերմունքը
  • Կառավարման մարմինների միջև գործառույթների բաշխումը
  • Բանկի Գործադիր մարմնի, Բանկի Խորհրդին և Բանկի Խորհրդի բաժնետերերի Ընդհանուր Ժողովին հաշվետվողականությունը.
  • Բանկի Խորհրդի կողմից Բանկի գործունեության և Բանկի Գործադիր մարմնի հանդեպ հսկողությունը
  • Ներքին հսկողության և աուդիտի արդյունավետ համակարգի առկայությունը
  • Բանկի ֆինանսական և տեղեկատվական թափանցելիությունը
  • Բանկի արժեքի աճի ապահովման նպատակով ներդրողների, Բանկի հաճախորդների և այլ հետաքրքրված անձանց հետ համագործակցությունը


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կառավարման մարմինները

Բանկի կառավարման մարմիններն են`


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովը Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է, որին մասնակցելու իրավունք ունեն.

  • Բանկի հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերը` իրենց պատկանող ձայների քանակով, ինչպես նաև անվանատերերը, եթե նրանք ներկայացնում են իրենց կողմից ներկայացվող Բանկի բաժնետերերի անվանումները և նրանց պատկանող բաժնետոմսերի քանակը հիմնավորող փաստաթղթերը
  • Խորհրդի անդամները, գործադիր մարմնի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով
  • Բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման անդամները` որպես դիտորդ
  • Բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձը` որպես դիտորդ (եթե նրա եզրակացությունն առկա է Ժողովի օրակարգի հարցերում)
  • Կենտրոնական բանկի ներկայացուցիչները` որպես դիտորդ
  • Բանկի մյուս ղեկավարները և աշխատողները` Խորհրդի որոշմամբ

Բանկի տարեկան ժողով․ Բանկի տարեկան Ժողովը գումարվում է Խորհրդի որոշմամբ` Բանկի յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Անհետաձգելի հարցերի քննարկման համար տարեկան Ժողովից բացի գումարվում են արտահերթ Ժողովներ:

Բանկի խորհուրդ․ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Խորհուրդն իրականացնում է Բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը և կազմվում է առնվազն 5, առավելագույնը` 15 անդամից: Խորհրդի անդամներն ընտրվում են տարեկան Ժողովում` Բանկի ներկա բաժնետերերի կողմից, իսկ Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում` արտահերթ Ժողովում` Բանկի ներկա բաժնետերերի կողմից:
Խորհրդի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որի տվյալները բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին: Խորհրդի անդամները և գործադիր մարմնի անդամները չեն կարող լինել միմյանց հետ փոխկապակցված անձինք: Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը 5 տարի է և պաշտոնում վերընտրվելը չի սահմանափակվում:
Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կողմից` Խորհրդի անդամների կազմից:
Խորհուրդն իր աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծել է հանձնաժողովներ, որոնցում ընդգրկվել են Խորհրդի անդամները և Բանկի այլ ղեկավարները` դիտորդի կարգավիճակով:          

  1. Խորհրդին կից բանկի զարգացման և կորպորատիվ կառավարման հանձնաժողով
  2. Խորհրդին կից բանկային ռիսկերի կառավարման հանձնաժողով

Խորհուրդն իր աշխատանքների ընթացքում ըստ անհրաժեշտության կարող է ներգրավել Բանկի այլ մասնագետներին:
Բանկի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր մարմինը` Բանկի Վարչությունը և Գործադիր տնօրենը: Վարչության կազմը ձևավորվում է Խորհրդի որոշմամբ:
Վարչության կազմում պարտադիր ընդգրկվում են Գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը, ինչպես նաև, Խորհրդի որոշմամբ, այլ ստորաբաժանումների ղեկավարներ:
Գործադիր տնօրենը Խորհրդին առնվազն եռամսյակը մեկ անգամ, ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ հաշվետվություններ` Խորհրդի կողմից սահմանված կարգով և ձևով:


Բանկի գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքներն են`

  • Բանկի գործադիր մարմնի աշխատանքի գնահատման գործառույթը վերապահվում է Բանկի խորհրդին
  • Բանկի խորհուրդը գործադիր մարմնի կատարած աշխատանքը գնահատում է Կանոնադրությամբ սահմանված կարգով խոհրդին յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո ներկայացվող հաշվետվությունների հիման վրա
  • Բանկի գործադիր մարմնի աշխատանքների գնահատումն իրականացվում է`հիմք ընդունելով Բանկի հեռանկարային զարգացման ծրագրով և տարեկան բյուջեի շրջանակներում պլանավորված առանձին ցուցանիշների (այդ թվում`ակտիվների մեծության, վարկային ներդրումների որակական և քանակական ցուցանիշների, զուտ շահույթի մեծության, Բանկի կապիտալի և ակտիվների շահութաբերության մակարդակների) կատարողականը


Բանկի գործադիր մարմնի աշխատանքների գնահատման նպատակով դիտարկվում է նաև․

  • Բանկի ամփոփ գնահատման ՔԱՄԵԼՍ ցուցանիշի մեծությունը
  • Բանկում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման արդյունքները
  • Հաստատված ներքին իրավական ակտերի և այլ որոշումների պատշաճ կատարումը
  • Ռիսկերի կառավարման քաղաքականության իրագործումը
  • Վարվող կադրային քաղաքականությունը
  • Բանկի ընթացիկ գործունեության արդյունավետ կառավարումը և հեռանկարային զարգացմանը միտված ծրագրերը


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և անդամները նշանակվում են Խորհրդի կողմից: Ներքին աուդիտի անդամ չեն կարող լինել Բանկի կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներն ու աշխատողները, ինչպես նաև գործադիր մարմնի հետ փոխկապակցված անձինք:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 01.08.2023թ.-ի դրությամբ ունի 1046 աշխատակից։

Էջը թարմացվել է` 26.03.2024 | 20:52

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: