Օնլայն բանկինգ
Ծանուցում
Կիսվել`
22.07.2022

Ծանուցում


Հարգելի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետեր,

Համաձայն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ (այսուհետ՝ Բանկ) Խորհրդի 21.07.2022թ.-ի ՈՐԽ0102–N11/Լ որոշման, տեղեկացնում ենք, որ Բանկը նախատեսում է 05.09.2022թ.-ից փակ բաժանորդագրության միջոցով իրականացնել բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխում, որը կտևի մինչև 07.09.2022թ.-ի ժամը 15:00-ը։ Տեղաբաշխվող բաժնետոմսերի ընդհանուր քանակը 112,614 հատ է, 1 բաժնետոմսի տեղաբաշխման գինը 24,819.4 (քսանչորս հազար ութ հարյուր տասնինն ամբողջ չորս տասնորդական) ՀՀ դրամ է, որը հանդիսանում է նաև այդ բաժնետոմսի շուկայական արժեքը։

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք), «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի և Բանկի կանոնադրության համաձայն՝ Բանկի բաժնետերերն ունեն կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք։

Բաժնետերը կարող է իրականացնել իր նախապատվության իրավունքը լրիվ ծավալով կամ մասնակիորեն` քվեարկող բաժնետոմսերի ձեռքբերման դեպքում բաժնետերերի նախապատվության իրավունքից օգտվելու կամ օգտվելուց հրաժարվելու մասին սույն ծանուցմանը կից ներկայացված ձևին համապատասխան Բանկին գրավոր ծանուցում (այսուհետ՝ Գրավոր ծանուցում) ուղարկելու միջոցով՝ կցելով բաժնետոմսերի դիմաց վճարման մասին փաստաթուղթը։

Սույն ծանուցումը ստանալուց հետո բաժնետերը Գրավոր ծանուցումը  պետք է ներկայացնի Բանկին քվեարկող բաժնետոմսերի փակ բաժաներդագրությամբ տեղաբաշխումն սկսելու օրվանից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օր առաջ։ Քվեարկող բաժնետոմսերի ձեռքբերման դեպքում Գրավոր ծանուցումը բաժնետերը Բանկին կարող է ներկայացնել հետևյալ եղանակներով․

  • թղթային ք․Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85 հասցեով Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի մասնաճյուղեր ներկայանալով,
  • brokerage@araratbank.am Էլեկտրոնային հասցեով։

Նախապատվության իրավունքի իրականացման ժամկետը դադարում է, եթե մինչև դրա ավարտվելը Բանկի բոլոր բաժնետերերից ստացվել է Գրավոր ծանուցում։ Բաժնետիրոջ կողմից Գրավոր ծանուցումը սահմանված ժամկետում և եղանակով Բանկ չներկայացնելը դիտարկվում է որպես նախապատվության իրավունքից օգտվելու հրաժարում։

Նախապատվության իրավունքով բաժնետիրոջ կողմից ձեռքբերվող լրացուցիչ բաժնետոմսերի քանակը որոշվում է Բանկի կանոնադրական կապիտալում վերջինիս բաժնեմասին համամասնորեն։ Միաժամանակ, Բանկի այն բաժնետերերը, որոնց նախապատվության իրավունքի կիրառման շրջանակներում իրենց մասնակցությանը համամասնորեն ենթակա են ձեռքբերման տասնորդական կամ հարյուրերորդական բաժնետոմս, ապա անկախ տասնորդական կամ հարյուրերորդական թվի մեծությունից դրա դիմաց կարող են ձեռք բերել 1 բաժնետոմս՝ բացառությամբ խոշոր բաժնետեր «Ֆլեշ» ՍՊԸ-ի, որի կողմից նախապատվության իրավունքով ձեռքբերման ենթակա բաժնետոմսերի քանակից կնվազեցվեն տասնորդական կամ հարյուրերորդական բաժնետոմսերի փոխարեն ձեռք բերված ամբողջական բաժնետոմսերը։

Օրենքով սահմանված Բաժնետոմսերի շուկայական արժեքը/տեղաբաշխման գինը որոշվում է՝ հաշվի առնելով Բանկի զուտ ակտիվների արժեքի և  շրջանառության մեջ գտնվող Բանկի բաժնետոմսերի քանակի քանորդով, ընդ որում՝ յուրաքանչյուր հասարակ (սովորական) բաժնետոմսերի շուկայական արժեքը/տեղաբաշխման գինը չի կարող պակաս լինել այն գնից, որը հաշվարկվել է հիմք ընդունելով Բանկի զուտ ակտիվների արժեքը:

Փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխման օրվան նախորդող աշխատանքային օրվա ավարտին Բանկը ամփոփելու և իր պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ www.araratbank.am, տեղադրելու է նախապատվության իրավունքով բաժնետերերի միջև տեղաբաշխված և 05.09.2022թ․-ից սկսվող փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխմանն ենթակա բաժնետոմսերի քանակը։

05.09.2022թ․-ին սկսվող փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի քանակը (այսուհետ՝ Բաժնետոմսերի մնացորդային քանակ) որոշվում է տեղաբաշխման ընդհանուր քանակի և մինչև տեղաբաշխման օրվան նախորդող աշխատանքային օրը բաժնետերերի միջև նախապատվության իրավունքով տեղաբաշխված բաժնետոմսերի քանակի տարբերությամբ։

Բաժնետոմսերի մնացորդային քանակի տեղաբաշխման ժամկետում՝ 05.09.2022թ․-ից մինչև 07.09.2022թ.-ի ժամը 15:00-ն, բաժնետերերը փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխմանը մասնակցելու ցանկության դեպքում, պետք է ֆիզիկապես ներկայանան Բանկի գլխամասային գրասենյակ կամ մասնաճյուղեր՝ ներկայացնելով

  1. բաժնետիրոջ լրիվ ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի համար` անունը), պետական գրանցման տվյալները (անձնագրային տվյալները), գտնվելու (բնակության) վայրը,
  2. ձեռք բերվող բաժնետոմսերի և (կամ) արժեթղթերի քանակը,
  3. բաժնետոմսերի և (կամ) արժեթղթերի դիմաց վճարման մասին փաստաթուղթը։

Նշված ժամկետում Բաժնետոմսերի մնացորդային քանակն ամբողջությամբ չտեղաբաշխվելու դեպքում, չտեղաբաշխված մասով կարձանագրվի թերի տեղաբաշխում։

Տեղաբաշխումը կիրականացվի բաժնետիրոջ կողմից բաժնետոմս ձեռքբերելու հայտ/հանձնարարական լրացնելու միջոցով՝ հայտի/հանձնարարականի ֆիզիկապես ներկայացման ժամանակային առաջնահերթության սկզբունքով։

Բանկի բաժնետոմսերի 05.09.2022թ․-ից սկսվող փակ տեղաբաշխման կապակցությամբ Բանկի կանոնադրական կապիտալում Ձեր մասնակցությանը համամասնորեն նախապատվության իրավունքով ձեռքբերման ենթակա բաժնետոմսերի քանակը ճշտելու համար կարող եք մոտենալ Բանկի գլխամասային գրասենյակ (ք․Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85) կամ Բանկի մասնաճյուղեր:

Ձեռք բերվող բաժնետոմսերի դիմաց վճարումը կարող եք կատարել Բանկի թիվ 1510016936556525 հաշվին գումարը փոխանցելով կամ մուտքագրելով՝ նպատակ դաշտում նշելով «բաժնետոմսերի ձեռքբերման համար» արտահայտությունը:

Նախապատվության իրավունքից օգտվելու կամ օգտվելուց հրաժարվելու մասին ֆիզիկական անձ բաժնետերերի համար

Նախապատվության իրավունքից օգտվելու կամ օգտվելուց հրաժարվելու մասին իրավաբանական անձ բաժնետերերի համար

Բաժնետոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձ բաժնետերերի համար

Բաժնետոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձ բաժնետերերի համար

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խորհրդի որոշում փակ բաժանորդագրությամբ բաժնետոմսեր տեղաբաշխելու մասին

Էջը թարմացվել է` 22.07.2022 | 10:56

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: