header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Տարածաշրջանում եզակի պայմանագրի կնքում
Կիսվել`
06.07.2021

Տարածաշրջանում եզակի պայմանագրի կնքում


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ու FMO-ն այսօր հայտարարել են 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով «NASIRA» վարկային պորտֆելի երաշխիքի ստորագրման մասին: Ռիսկերը համատեղ ստանձնելու այս նորարարական ծրագիրը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի համար ավելի դյուրին կդարձնի փախստականների, երիտասարդ և(կամ) կին ձեռներեցների, ինչպես նաև COVID-19 համավարակից տուժած բիզնեսների ֆինանսավորումը,  քանի որ տվյալ պորտֆելի վարկային ռիսկը ստանձնելու են երկու ֆինանսական կառույցները համատեղ:

«NASIRA» ծրագիրը ռիսկը համատեղ ստանձնելու գործիք է տեղի ֆինանսական հաստատությունների համար: Վերջինս ֆինանսավորվում է Եվրամիության և ֆինանսական հասանելիության ընդլայնման «MASSIF» հիմնադրամի կողմից, որը կառավարում է FMO-ն՝ Նիդերլանդների կառավարության անունից: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ապահովել ֆինանսական միջոցների հասանելիությունը «ֆինանսապես խոցելի» հատվածի,  մասնավորապես՝  փախստականների, երիտասարդ և(կամ) կին ձեռներեցների, ինչպես նաև COVID-19 համավարակից տուժած բիզնեսների համար:     

«FMO-ի հետ բազմամյա համագործակցության ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ապացուցել է, որ բարձր կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ունեցող կառույց է, ինչի մասին վկայում է տվյալ ծրագրում բանկի մասնակցությունը։ Հատկանշական է, որ ծրագրում ընդգրկված են փախստականներն ու հայրենադարձները, որը կարևորվում է հատկապես մեծ սփյուռք ունեցող Հայաստանի պարագայում։ Ծրագրի շահառուները հաճախ չեն ֆինանսավորվում հավանական կամ իրական բարձր ռիսկ ունենալու, ապահովածության միջոցի, վարկային պատմության բացակայության կամ այլ պատճառներով: Երաշխիքային ծրագիրը վերացնում է նշված խոչընդոտները՝ վարկային հնարավոր կորուստները համատեղ կրելու շուրջ նախապես համաձայնություն ձեռք բերելու միջոցով: Ծրագրի շրջանակում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին կտրամադրվի նաև տեխնիկական աջակցություն, որը կօժանդակի Բանկին թիրախային խմբերին ծրագրի հասանելիության ապահովման գործում», - տեղեկացրել է FMO-ի մամուլի ծառայությունը։

«Շատ ուրախ եմ, որ երկար տարիների համագործակցության արդյունքում ձեռքբերված վստահությունն այսօր հանգեցրել է իր տեսակի մեջ եզակի պայմանագրի ստորագրմանը։ «NASIRA» ծրագիրը եզակի է այն առումով, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ու  FMO-ն համատեղ կրում են  «խոցելի» բիզնեսներին տրամադրվող վարկերի չվճարման ռիսկը՝ հնարավորություն ընձեռելով շահառուներին հիմնել և զարգացնել իրենց բիզնեսը Հայաստանում: Հատկանշական է, որ այս ծրագիրն աննախադեպ է նաև ողջ տարածաշրջանում, և գաղտնիք չեմ բացի՝ ասելով, որ բանկերը խուսափում են ֆինանսավորել ֆինանսապես խոցելի, բարձր ռիսկի խմբին դասվող բիզնեսներին: Ուրախ ենք, որ հենց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն է հանդես գալիս նման առաջարկով, քանի որ կարևորում ենք ֆինանսական միջոցների հասանելիությունն ու հավասար պայմանների ապահովումը բոլոր վարկառուների համար»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Վարչության նախագահ Մհեր Անանյանը:   

««NASIRA» վարկային պորտֆելի երաշխիքի ստորագրումը հերթական կարևոր քայլն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հետ մեր երկարամյա հարաբերություններում: Նվազեցնելով ֆինանսապես խոցելի խմբերի և COVID-19 համավարակից տուժած ձեռնարկությունների հավանական և իրական ռիսկերը` FMO-ի նպատակն է նպաստել Հայաստանի տարածքում անհավասարությունների նվազեցմանը և COVID-19 համավարակի արդյունքում գոյացած ճգնաժամի և վերականգնման ժամանակահատվածում փոքր բիզնեսների համար ֆինանսական աջակցության ընդլայնմանը», - ասել է FMO հոլանդական զարգացման բանկի ներդրումների գծով տնօրենի ժ/պ Հուիբ-Յան դե Ռոյթերը:

Էջը թարմացվել է` 23.09.2021 | 11:51

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: