header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`
17.03.2021

Միջազգային գործընկերային ցանցն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կարևոր ձեռքբերումներից է


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը միջազգային համագործակցության խոշոր ցանց ունեցող բանկերից է, որն իր երկար տարիների գործունեության ընթացքում պայմանագրեր է կնքել ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների հետ՝ ներգրավելով ֆինանսական միջոցներ և նպաստելով Հայաստանում տնտեսության զարգացմանը:

Բանկի թիրախային վարկային ուղղությունների, միջազգային հաջողված համագործակցության և ձեռքբերումների մասին Banks.am-ը զրուցել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Միջազգային գործառնությունների վարչության պետ, Վարչության անդամ Զարուհի Մելքոնյանի հետ:

Տիկին Մելքոնյան, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իր երկար տարիների գործունեության ընթացքում միջազգային ֆինանսական ի՞նչ կառույցների հետ է համագործակցություն հաստատել: Որո՞նք են միջազգային գործընկերության առավելությունները:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2007 թվականին: Առաջին մեծ ձեռքբերումը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ կնքված երկու պայմանագրերն էին՝ ուղղված միջազգային առևտրի խթանմանը և ՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանը: Այդպիսի հեղինակավոր կառույցի հետ համագործակցությունը պարտավորեցնող էր, քանի որ Բանկը ձեռք էր բերում որոշակի դիրք, ճանաչելիություն և նրա համար ստեղծվում էին նոր հնարավորություններ: Հետագա համագործակցությունը բավականին արդյունավետ էր, և տարիների ընթացքում մեր բարեխիղճ աշխատանքի և գրանցած արդյունքների շնորհիվ մեզ հաջողվեց ստորագրել ՎԶԵԲ-ի հետ միջոցների ներգրավման  մի շարք պայմանագրեր, որոնք համակցված էին տեխնիկական աջակցության ծրագրերով, ինչպես նաև ստացվեց մի քանի անգամ ավելացնել միջազգային առևտրի ֆինանսավորման խթանման ծրագրի համար նախատեսված սահմանաչափը։ Պետք է նշեմ, որ ՎԶԵԲ-ի կողմից Բանկը հինգ տարի շարունակ արժանացել է պատվավոր մրցանակի` ճանաչվելով առևտրի ֆինանսավորման գործիքների «Ամենաակտիվ թողարկող բանկը» Հայաստանում։

2008թ.-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դարձավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բաժնետեր և իր ուրույն ներդրումն ունեցավ Բանկի զարգացման գործընթացում։ Համագործակցության շրջանակում շուրջ երկու տարի շարունակ իրականացվեց Ինստիտուցիոնալ զարգացման ծրագիրը (Institutional Building Programme), որի ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գրեթե բոլոր ստորաբաժանումներն անցան համապատասխան վերապատրաստումներ, գործընթացները համապատասխանեցվեցին միջազգային չափանիշներին, ներդրվեց կորպորատիվ կառավարման մշակույթ, կատարվեցին բարեփոխումներ ռիսկերի կառավարման և գնահատման գործընթացներում։

Բանկի հաջորդ խոշոր ձեռքբերումն էր Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ համագործակցությունը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության հիմնասյունն ու ողնաշարը փոքր և միջին բիզնեսն է և այս համատեքստում մեզ համար շատ կարևոր էր  այս պայմանագիրը, որի շրջանակում մենք ևս ստացանք  տեխնիկական  աջակցություն՝ բարեփոխելով ՓՄՁ վարկավորման մի շարք գործընթացներ։ Կազմակերպեցինք դասընթացներ մեր մասնագետների համար, ինչը հետագայում հնարավորություն  տվեց արդյունավետ և նվազագույն ռիսկերով  իրականացնել փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման գործընթացը։

Տարիների ընթացքում մենք ընդլայնեցինք միջազգային համագործակցության ցանցը՝ պայմանագրեր կնքելով մի շարք զարգացման բանկերի և հիմադրամների հետ, որոնք լայն ճանաչում ունեն ամբողջ աշխարհում։ Այսօր  արդեն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ակտիվորեն համագործակցում է շուրջ 20 միջազգային կազմակերպությունների հետ՝  Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերություն (FMO), Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH (DEG) գերմանական ներդրումային կազմակերպություն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD), Համաշխարհային բանկ (WB), Սևծովյան առևտրի և զարգացման բանկ (BSTDB), Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամ (EFSE), Գերմանահայկական հիմնադրամ (KfW), Green for Growth Fund հիմնադրամ, Incofin Investment Management բելգիական ընկերություն, responsAbility Global Microfinance Fund հիմնադրամ, Blue Orchard Finance ընկերություն, the OPEC Fund for International Development (OFID) ֆինանսական կազմակերպություն, Եվրասիական զարգացման բանկ (EDB), Symbiotics SICAV ընկերություն և այլն:

Վերոնշյալներն այն միջազգային գործընկերներն են, որոնք իրենց գիտելիքներով ու հարուստ փորձով նպաստում են Բանկի առաջընթացին, տրամադրում են տեխնիկական աջակցություն, որը թույլ է տալիս օգտագործելով լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաները զարգացնել ՓՄՁ վարկավորման և առևտրի ֆինանսավորման ուղղությունները:

Վարկավորման ո՞ր ուղղություններն են ուղենիշային ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի համար և ինչո՞ւ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը բազմապրոֆիլ բանկ է և մատուցում է ծառայություններ գրեթե բոլոր ոլորտներում թե´ ֆիզիկական ու թե´ իրավաբանական անձանց։

Մեզ համար մշտապես թիրախային  ուղղություն է եղել  միկրո, փոքր  ու միջին բիզնեսի վարկավորումը։  Կարևորում ենք նաև հիփոթեքային վարկավորումն, որի շրջանակում ունենք  հարուստ փորձ և ներգրավված ենք եղել պետական գրեթե բոլոր ծրագրերում։ Գործունեության այս փուլում մենք ավելի ենք բազմազանել  փոքր ու միջին բիզնեսի շրջանակը և ունենք  առանձին  մշակված  հատուկ ծրագրեր  կանանց  ու երիտասարդների համար: Սրա նպատակը բիզնես միջավայրում բոլորի համար հավասարություն, հավասար հնարավորություններ, իրավունքներ և առողջ մրցակցություն ապահովելն է:

Միջոցների ներգրավման ճկուն քաղաքականության շնորհիվ ներկայումս հնարավորություն  ունենք վարկավորել նաև գյուղատնտեսական արտադրական  շղթան: Իհարկե, գյուղատնտեսական վարկերի ծավալը դեռևս զիջում է մնացած  ոլորտներին, սակայն այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք այն գերակա ճյուղ դարձնելու ուղղությամբ:

Կանաչ վարկերի գծով ի՞նչ տեսակ նախագծեր են ֆինանսավորվում: Ինչո՞ւ է կարևոր հատկապես այս ուղղությունը:

Միանալով կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ գործընթացներին՝ Բանկի համար արդի է «կանաչ տնտեսության» զարգացման միտումը: Բանկի կողմից մշտապես ուշադրության կենտրոնում են եղել այն վարկառուները, որոնց գործունեության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կլինի նվազագույն, կբերի էներգախնայողությանը, ածխաթթու գազերի արտանետումների նվազեցմանը, վերականգնվող էներգիայի օգտագործմանը, այլընտրանքային տեխնոլոգիաների ներդրմանը և այլն:

Թիրախային են այն ֆիզիկական անձիք և  բիզնեսները, որոնք պատրաստ են իրականացնել բնության ու շրջակա միջավայրի համար անվտանգ ներդրումներ՝ նոր սարքավորումների կամ արևային պանելների ձեռքբերման միջոցով, շինարարական ու կառուցապատման նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով և այլն։ Արդիականացված տեխնոլոգիաներով գործունեությունը հանգեցնում է վարկառուի գործընթացների ինքնարժեքի կրճատմանը, հետևաբար վարկառուի մրցունակության բարձրացմանը թե՛ տեղական, թե՛ արտերկրյա շուկայում, իսկ կարևորագույն արդյունքն է՝  շրջակա միջավայրի վրա բացասական  ազդեցության նվազումը:

Իհարկե, յուրաքանչյուր նախագծի շրջանակում  անցկացվում է աուդիտ, խորը ու համապարփակ վերլուծություն, և դուրս են բերվում բոլոր հնարավոր ռիսկերն ու հնարավորությունները:

Նշեցիք, որ միջազգային գործընկերներից ներգրաված ներդրումների կարևոր ուղղություններից է կին գործարարների վարկավորումը: Կանանց կողմից գործարարությամբ զբաղվելու առնչությամբ ի՞նչ դինամիկա է նկատվում Հայաստանում:

Կանայք մշտապես ունեցել են իրենց որոշիչ դերը տնտեսության զարգացման գործում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ռազմավարությունում կանանց բիզնեսի աջակցմանն ուղղված ծրագրերը մշտապես առաջնային տեղում են: Մեր կողմից առաջարկվող վարկավորման, բիզնես-կրթության և բիզնես-գրագիտության ծրագրերով հնարավորինս փորձում ենք ներգրավել կանանց Հայաստանի տնտեսության զարգացման մեջ: Այսօր արդեն ունենք բազմաթիվ  հաջող ու ոգևորիչ ծրագրեր, որոնք ևս մեկ անգամ վկայում են բիզնեսում կանանց ներգրավման կարևորությունն ու առավելությունները: Բանկը վարկային գործիքի ներդրմանը զուգընթաց ներգրավված խորհրդատուների հետ միասին կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ՝ ուղղված կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, օգնել է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն և մշակել մարքեթինգային ռազմավարություն, օգնել է արդյունավետ կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումը, հասկանալ մրցակցային առավելությունները, ծանոթացրել է հարկային օրենսդրությանը։

Նպատակը մեկն է․ օժանդակել, ոգևորել և խրախուսել գործարար կանանց, որպեսզի նրանք ավելի ակտիվ լինեն բիզնեսում, եթե դեռ չեն զբաղվում, ապա սկսեն։ Հարկ եմ համարում նշել, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաճախորդ հանդիսացող տնտեսվարող կանանց գերակշիռ մասը ներգրավված է առևտրի և սպասարկման ոլորտներում:

Եթե խոսենք թվերով, ապա կորպորատիվ բիզնեսի շուրջ 28%-ը ներկայացնում են կանայք, 11%-ը՝  երիտասարդները: Կորպորատիվ բիզնեսի պորտֆելի ավելի քան 50%-ը բաժին է ընկնում առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, իսկ երկրորդ տեղում սպասարկման ոլորտն է, որը կազմում է պորտֆելի ավելի քան 15%-ը:

Ինչպե՞ս կգնահատեք վարկավորման ծրագրերի դինամիկան, և ի՞նչ նոր ծրագրեր ունի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ներգրավված է պետական բազմաթիվ ծրագրերում, ինչպես օրինակ, գյուղատնտեսական ոլորտում սուբսիդավորման, հիփոթեքային վարկավորման, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նախագծեր:

Խոսելով իրար հաջորդող ճգնաժամերի մասին՝ կարևոր եմ համարում նշել, որ համավարակի, տնտեսական և հետպատերազմյան ճգնաժամերի պայմաններում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին հաջողվել է 2020 թվականին 5 մլն․ ԱՄՆ դոլար և 3 մլն եվրո ընդհանուր ծավալով միջոցներ ներգրավել Բանկի համար երկու բոլորովին նոր գործընկեր ֆինանսական հաստատություններից՝ «Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» և «Մայկրոֆայնընս Ինհենսմընթ Ֆըսիլիթի» ֆինանսական կազմակերպություններից, իսկ 2021թ․-ի սկզբին՝ 5 մլն․ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով մեկ այլ հեղինակավոր միջազգային ֆինանսական հաստատությունից՝ «Blue Orchard»-ի՝ Covid-19 Emerging and Frontier Markets MSME Support Fund հիմնադրամից։ Միջոցները ուղղված էին Հայաստանում տեղական բիզնեսներին աջակցություն ցուցաբերելուն,  ՓՄՁ ոլորտը խթանելուն և Covid-19 համավարակի հետևանքով տուժած ՄՓՄՁ-ներին աջակցելուն։

Ինչ վերաբերում է նոր նախագծերին. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն աշխատում է մի քանի նոր ծրագրերի մշակման ուղղությամբ, որոնք հետաքրքիր կլինեն և կառանձնանան բանկային համակարգում, սակայն դեռ չենք բացի փակագծերը: Այնուամենայնիվ, առաջիկա 2 տարում Բանկը պատրսատվում է կին գործարարներին հատկացված վարկերի կշիռն իր ընդհանուր վարկային ներդրումներում հասցնել մինչև 12%՝ հավելյալ մոտ 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով միջոցների տեղաբաշխմամբ:   

 

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:01

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: