header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ամփոփեց 2019թ. տարեկան արդյունքները
Կիսվել`
25.06.2020

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ամփոփեց 2019թ. տարեկան արդյունքները


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն այսօր՝ 2020թ հունիսի 25-ին, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի «ԶԱՐԳԱՑՈՒՄ» մասնաճյուղում կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփել է 2019թ.-ի արդյունքները՝ արձանագրելով աճ հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով:

Մասնավորապես, բանկի ակտիվները 2019թ. դրությամբ կազմել են 222,446 մլն ՀՀ դրամ, ինչը 0,7 %-ով գերազանցել է 2018թ․-ի ցուցանիշը, ընդ որում՝ վարկավորումն ավելացել է 13,3%-ով և կազմել 135,921 մլն ՀՀ դրամ: Պարտավորությունները 2019թ․-ին կազմել են 185,042 մլն ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը, 2019թ. տվյալներով, կազմել է 37,404 մլն ՀՀ դրամ։ Արձանագրվել է 2, 264 մլն ՀՀ դրամ զուտ շահույթ։

«Իմ կարծիքով 2019թ․-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի համար զարգացման առումով շատ կարևոր տարի էր։ Չնայած ֆինանսաբանկային համակարգի խիստ մրցակցային պայմաններին՝ հաշվետու ժամանակահատվածում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին հաջողվել է կատարել բանկի ռազմավարությամբ առաջադրված խնդիրները։ Պետք է նշեմ, որ մենք ընդլայնել ենք վարկավորումը մանրածախ, սպառողական վարկավորման հաշվին և, կարևորելով առողջ ու դիվերսիֆիկացված վարկային պորտֆելի գաղափարը, 2019թ․-ին ևս վարել ենք պահպանողական և զգուշավոր վարկային քաղաքականություն և կրկին հայաստանյան բանկային համակարգում առանձնացել վարկային պորտֆելի բարձր որակով», - ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը:

Նա տեղեկացրել է, որ 2019թ․-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերության» ՎՎԿ ՓԲԸ-ի համար տեղաբաշխվել են 3.5 մլրդ ՀՀ դրամ, իսկ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի համար՝ 2,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային և 2 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմսեր՝ իրականացնելով նաև նշված պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթները։

«Կարևոր եմ համարում նաև արձանագրել մեր հաջողությունը թվային բանկինգի ոլորտում։ Ժամանակակից լուծումների կիրառման միջոցով 2019 թ․-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը շարունակել է զարգացնել մոբայլ բանկինգը՝ վերաձևափոխելով ինտերֆեյսը, ավելացնելով նոր հնարավորություններ, նոր գործիքակազմ, ներդնելով նոր վարկային և ավանդային պրոդուկտներ և առավել հարմարվետ դարձնելով բանկ-հաճախորդ փոխհարաբերությունները։ Ի դեպ նշեմ, որ 2019թ․-ի ավարտին օգտատերերի թիվը հասել է 8184-ի՝ 2018թ․-ի 402-ի համեմատ, իսկ սա, իմ կարծիքով, բավականին լավ ցուցանիշ է»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը:

«Ի հավելումն 2019թ․-ին արձանագրած ցուցանիշների՝ առանձնապես կարևոր եմ համարում Տնօրենների խորհուրդի դերը բանկի արդյունավետ կառավարման գործում։ Պետք է նշեմ, որ 2019թ․-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Խորհուրդը համալրվել է փորձառու և բանիմաց խորհրդի անդամներով, որոնք իրենց ամբողջ ներուժը, փորձն ու գիտելիքների պաշարը կուղղեն բանկի զարգացմանն ու առաջխաղացմանը»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը:

Հաշվի առնելով, որ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը անցկացվել է COVID-19 համավարակի պայմաններում՝ ժողովին ներկա են եղել բաժնետերերն ու բանկի մի քանի ղեկավար, պահպանվել է սոցիալական հեռավորությունը, ապահովվել է դիմակների և ախտահանիչ նյութերի առկայությունը։

 

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 19:05

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: