ԱրարատԲանկը ներդնում է ԱԲ կիրառմամբ CRM համակարգ. համագործակցության հուշագիր Stamina-ի և Pipedrive-ի հետ
ԱրարատԲանկի, Stamina և Pipedrive ընկերությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Համագործակցության նպատակն է Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում ներդնել ու ընդլայնել հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ժամանակակից տեխնոլոգիաները՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը։
«ԱրարատԲանկում մեր նպատակն է յուրաքանչյուր հաճախորդի առաջարկել իր կարիքներին համապատասխան լուծումներ։ Pipedrive-ի հետ համագործակցությունը կարևոր քայլ է այդ ուղղությամբ։ Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը մեր թիմերին հնարավորություն կտա ավելի ամբողջական պատկերացում կազմել հաճախորդի կարիքների և նախասիրությունների մասին, իսկ արհեստական բանականության կիրառումը՝ ավելի լավ հասկանալ, թե որ լուծումը երբ կարող է օգտակար լինել նրան։ Այդպես, անհատական մոտեցումը կդառնա ամենօրյա սպասարկման անբաժանելի մասը»,- նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։
Հեղինակավոր կազմակերպությունների կողմից կիրառվող՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգի լուծումները կբացահայտեն այս համակարգերի իրական ներուժը՝ ապահովելով տվյալների օպտիմալացում և ծառայությունների որակի բարելավում։
«Pipedrive-ը հնարավորություն կտա ԱրարատԲանկին հաճախորդների տվյալները համախմբել մեկ հարթակում՝ յուրաքանչյուրի մասին կազմելով ամբողջական պատկերացում և ապահովելով արագ անհատականացված սպասարկում»,- ասել է Pipedrive-ի վաճառքի գծով փոխնախագահ Շոն Էվերսը։
Հաճախորդների ամբողջական տվյալների բազայի հավաքագրումն ու կառավարումը մեկ հարթակում կապահովի անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին՝ կատարելագործելով բիզնես գործընթացները, միաժամանակ պահպանելով ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորող պահանջները։
Նոր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման կարևոր պայմաններից է նաև մասնագետների պատրաստվածությունը։
«Թե՛ վերապատրաստումներն ու շարունակական սպասարկումը, թե՛ տարբեր գործիքակազմերի ինտեգրացիաները շատ կարևոր բաղադրիչներ են՝ համագործակցությունը և ներդրված լուծումներն առավելագույնս արդյունավետ դարձնելու համար»,- նշել է Stamina-ի հիմնադիր Վահագն Ղազարյանը։
Համագործակցության շարունակական քայլերից էր նաև «AI-ն ու CRM-ը ֆինանսաբանկային ոլորտում» թեմայով fireside ձևաչափով քննարկումը, որը տեղի ունեցավ Դիջիթեք 2026-ի շրջանակում։ Քննարկմանը մասնակցեցին ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը, Pipedrive ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Շոն Էվերսը, Stamina ընկերության հիմնադիր Վահագն Ղազարյանը և CloudTalk ընկերության փոխտնօրեն Մարտին Անվելտը։ Քննարկվեց, թե ինչպես կարող են բանկերը, վարկային կազմակերպություններն ու ապահովագրական ընկերությունները ներդնել նոր տեխնոլոգիաներ՝ միաժամանակ պահպանելով ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորող պահանջները։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Էջը թարմացվել է` 23.11.2026 | 13:01
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: