header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Բանկային աշխատակցի օր․ ովքե՞ր են կանգնած մեր ֆինանսական խաղաղ ու կայուն առօրյայի հետևում
#Այլ
Կիսվել`
21.11.2025

Բանկային աշխատակցի օր․ ովքե՞ր են կանգնած մեր ֆինանսական խաղաղ ու կայուն առօրյայի հետևում


Հայաստանում նոյեմբերի 22-ը առանձնահատուկ օր է․ եթե ունեք բանկում աշխատող հարազատ, մտերիմ կամ ընկեր, հավանաբար գիտեք, որ այն Բանկային աշխատակցի օրն է։ Շատերը չգիտեն, թե ինչու է հենց նոյեմբերի 22-ը ընտրվել կամ ինչ պատմություն կա օրվա խորհրդի հետ կապված։

Համաձայն մեր փոքրիկ հետազոտության` 1993թ. նոյեմբերի 22-ին մեր երկրի ֆինանսական պատմության մեջ տեղի ունեցավ առանցքային իրադարձություն, որի կարևորությունն ավելի ու ավելի արժևորվեց հատկապես տարիներ անց․ ծնվեց հայկական դրամը։

1993 թվականին հենց այդ օրը անկախ Հայաստանն ունեցավ իր ազգային արժույթը։ Դա պարզապես նոր թղթադրամ չէր, այլ մեր ինքնության վկան՝ անկախ պետության նոր շունչը։ Ինչպես նշում են ժամանակակիցները՝ առանց ազգային արժույթի ինքնիշխան պետականության մասին խոսելն իսկ ավելորդ էր [տե՛ս ավելին

Երբ դրամը դարձավ մեր պատմության «փոքր» դեսպանը

Շրջանառության մեջ մտան ՀՀ առաջին թողարկման թղթադրամները՝ 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով։ Հետաքրքրական է, որ հայկական դրամը մինչև 1994թ. շարունակում էր շրջանառվել խորհրդային ռուբլու հետ միասին՝ ապահովելով սահուն անցում դեպի նոր իրականություն։

Եթե հիշում եք այդ թղթադրամները, անկասկած կհամաձայնեք՝ դրանք նման էին փոքրիկ բացիկների, որոնք պատմում էին Հայաստանի մասին․
պատմական հուշարձաններ, մշակույթ, ճարտարապետություն…

Այդ դրամներն այսօր էլ հիշվում են որպես անկախ Հայաստանի առաջին ֆինանսական խորհրդանիշներ։

Շատ հետաքրքիր ու խորհրդանշական է, որ Բանկային աշխատակցի օրը միաժամանակ կապված է թե՛ ազգային արժույթի ծննդի, և թե՛ այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր պահպանում են դրա արժեքն ու մեր ֆինանսական կայունությունը։

Ինչու՞ է այս օրը կարևոր

Բանկային համակարգը յուրաքանչյուր երկրի տնտեսության ողնաշարն է ու այն շարժիչ ուժը, որը գումարը վերածում է նոր հնարավորությունների:

Սակայն, առանց բանկային աշխատակիցների ցանկացած գործարք կմնար միայն թղթի վրա։ Հենց բանկային աշխատակիցներն են ամեն օր՝ հաճախ անտեսանելի կերպով, ապահովում մեր դրական փորձառությունն ու ֆինանսական անվտանգությունը՝ դարձնելով համակարգն ավելի հեշտ և մատչելի մարդկանց համար։

Եթե անկեղծ, բանկային աշխատակիցների ամենօրյա աշխատանքի մեծ մասը տեսանելի չէ։
Մենք տեսնում ենք արդյունքը՝ անվտանգություն, վստահություն, բայց ոչ նրանց աշխատանքային ռիթմը, զանգերը, բարդ իրավիճակներում լուծում պահանջող ջանքերը և միևնույն ժամանակ մարդկանց օգնելու անկեղծ ցանկությունը։

ԱրարատԲանկում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր աշխատակից իր մարդկային և մասնագիտական որակներով մեկ ընդհանուր՝ վստահելի, պրոֆեսիոնալ և ջերմ թիմի անփոխարինելի մասնիկն է։

Այս օրը ևս մեկ առիթ է գնահատելու մեր գործընկերների պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը և հաճախորդների նկատմամբ հոգատարությունը։

Էջը թարմացվել է` 21.11.2025 | 18:10

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: