Մեր Մասին

Համաշխարհային ակումբային քարտ` երբ պետք չէ մանրուքների մասին հոգ տանել

Diners Club -ը հասարակ վճարային քարտ չէ: Դա համընդհանուր հարգանք ու ճանաչում նվաճած անուն է, որից կարելի է ասել, աշխարհում մեկնարկել է կրեդիտային քարտերի պատմությունը:

 

Ի դեպ, այդ մեկնարկը պայմանավորվեց զավեշտական մի պատմությամբ, որը պատահեց 1949 թվականին: Ամերիկացի գործարար Մակնամարան, Hamilton Credit Corporation–ի ռեստորաններից մեկում, հանկարծ հայտնաբերեց, որ իր դրամապանակը մյուս բաճկոնում է թողել: Ստիպված էր զանգահարել կնոջը և խնդրել, որ նա գումար բերի ռեստորան: Այդ անհարմար իրավիճակի արդյունքում ծնվեց ռեստորանների մշտական հաճախորդների ակումբ ստեղծելու գաղափարը: Այդ ակումբը ստեղծվեց և ստացավ DinersClub անվանումը: Իսկ 1950 թվականին ներդրվեց աշխարհում առաջին ունիվերսալ վճարային քարտը` DinersClub քարտը: Մակնամարան իր գործընկերոջ` Ռալֆ Շնեյդերի հետ կրկին եկավ այդ նույն ռեստորան և ընթրիքի դիմաց վճարեց փոքրիկ ստվարաթղթե քարտով, որը հիմա ողջ աշխարհում հայտնի է որպես Diners Club Card: Աշխարհին նոր ֆինանսական գործիք պարգևած այդ իրադարձությունը  պատմության գիրկը մտավ որպես «Առաջին ընթրիք» (First Supper)` ընթրիք, որի համար աշխարհում առաջին անգամ վճարվեց վճարային քարտով:

Եվ այսպես, նորարարության նպատակն է հաճախորդներին հնարավորություն տալ չսահմանափակվել այն կանխիկ դրամով, որ այդ պահին իրենց մոտ կա: Ակումբն իր անդամներին տալիս է կրեդիտային քարտեր` իր հետ պայմանագիր կնքած ռեստորաններում հաշիվը փակելու համար: Ակումբը հանդես է գալիս որպես երաշխավոր առևտրային գործընկերների առջև իր անդամների պարտավորությունների հարցում և վճարում է ներկայացրած հաշիվների դիմաց: Ամիսը մեկ անգամ ակումբի անդամները ստանում են կատարած գործարքների ողջ քաղվածքը, և երկու շաբաթվա ընթացքում ակումբին են վճարում ամբողջ գումարը: Ընդ որում, գործառնական ծախսերի մի մասը պետք է կրի ակումբի գործընկերը (քարտն ավելացնում է իր հասույթը ռիսկի բացակայության պայմաններում), ինչի համար ներդրվել է միջնորդավարձ (5-7 % գնվածի ընդհանուր գումարից), որը քարտն ընդունող վաճառողը վճարում է դրա թողարկողին, ինչպես նաև տարեկան տուրք քարտի թողարկման ու սպասարկման համար` ԱՄՆ-ի 5 դոլարի չափով:

Diners Club ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1950 թվականի հունվարի 28-ին` 75 հազար դոլար մեկնարկային կապիտալով: Մեկ տարի անց ընկերությունն արդեն ուներ 42 000 հաճախորդ, քարտերն ընդունվում էին 285 ռեստորաններում: Իսկ 1953-ին Diners Club-ը դարձավ միջազգային ցանց ունեցող առաջին քարտը. Միացյալ Նահանգներից բացի, այն սկսեցին ընդունել նաև Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Մեքսիկայում և Կուբայում: 1955 թվականից Diners Club-ի ներկայացուցչությունները սկսեցին բացվել ողջ աշխարհով մեկ, ներառյալ Եվրոպան, Ասիան և Մերձավոր Արևելքը: Նույն թվականին ընկերությունը գրանցվեց ամերիկյան ֆոնդային բորսայում:
1958 թվականին Diners Club-ն իրականացրեց իր առաջին հեռուստագովազդային արշավը` որպես ամերիկյան New York Giants ֆուտբոլային թիմի հովանավոր: Խոշոր քաղաքներում գործող զբոսաշրջիկային գործակալությունները սկսեցին ընդունել Diners Club քարտերը:
1959-ին Diners Club  քարտ ունեցողների քանակը գերազանցում էր մեկ միլիոնը: Ընկերությունը գրանցված է Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE):
  1967 թվականին Diners Club-ի  քարտով հնարավոր էր վճարումներ կատարել արդեն 130 երկրներում: Ի դեպ, ՄԱԿ-ի անդամ երկրների թիվն այդ տարի ավելի փոքր էր:
1969 թվականին Diners Club-ի  քարտ սկսեցին ընդունել Խորհրդային Միությունում:
1974-ին նոր ուշագրավ նվաճում արձանագրվեց. ԱՄՆ այցելող և կրեդիտային քարտեր ունեցող վեց զբոսաշրջիկներից հինգը հենց Diners Club-ի  քարտով էին գալիս:
1980 թվականին Diners Club-ը դարձավ առաջին քարտը, որ սկսեցին ընդունել Չինաստանում:
1981 թվականին Diners Club-ի արժեթղթերի վերահսկիչ փաթեթը գնեց CitiGroup կորպորացիային անդամակցող Citibank-ը:
1987-ին Club Cash ծրագրի օգնությամբ Diners Club-ի  քարտ ունեցողների համար մատչելի են դառնում  աշխարհի բոլոր բանկոմատները:
1990-ին Diners Club-ը դարձավ միջազգային կորպորատիվ քարտ առաջարկող առաջին վճարային համակարգը: Նույն թվականին «Լայֆ» հեղինակավոր հանդեսը Ֆրենկ Մակնամարային հայտարարեց Ամերիկայի 100 ամենաազդեցիկ անձնավորություններից մեկը XX դարում:
1996-ին Diners Club International-ը բացում է իր ինտերնետ կայքը.  www.dinersclub.com:
2003-ին Diners Club-ը նոր գովազդային արշավ է սկսում` “Card Is Key” («Քարտը բանալի է»), որի հասցեատերերը ակտիվ բիզնես-ճամփորդներն էին:
2004 թվականից Diners Club-ն ակտիվորեն համագործակցում է  MasterCard միջազգային վճարային համակարգի հետ: ԱՄՆ-ում և Կանադայում թողարկված Diners Club պլաստիկ քարտերը ստացան MasterCard-ի լոգոն և հաշվի 16-անիշ թվահամար: Այժմ դրանք կարող են օգտագործվել MasterCard քարտեր ընդունող ցանկացած կետում:

2008 թվականի հուլիսի 1-ին կնքած գործարքով Diners Club International-ը 165 մլն դոլարով Citibank-ից գնեց Discover Financial Services ընկերությունը, որը համարվում է Միացյալ Նահանգների ամենաճանաչված ֆինանսական խաղացողներից մեկը: Diners Club  քարտ ունեցողները մուտքի իրավունք են ստանում դեպի աշխարհի օդանավակայանների շուրջ 130 բիզնես-սրահներ: Pulse ընկերության հետ համատեղ Diners Club International-ը ստեղծում է բանկոմատների համաշխարհային ցանց` www.dinersclubcash.com:

2011 թվականին Diners Club International-ը և ռուսաստանյան «Ռուսսկի ստանդարտ» բանկը համաձայնագիր կնքեցին` Ռուսաստանում և Ուկրաինայում Diners Club քարտեր թողարկելու և սպասարկելու հարցերում համագործակցության մասին: 2012-ին «Ռուսսկի ստանդարտը» սկսեց Diners Club Exclusive և Diners Club Premium քարտերի թողարկումը Ռուսաստանում:

D iners Club քարտն ունի ավելի քան 70 տարվա պատմություն: 1950-ից մինչ այսօր շատ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն հիմնական սկզբունքը մնացել է նույնը․ բազմատեսակ արտոնությունների փաթեթը, որի ստեղծման համար հաշվի են առնվել ամենախստապահանջ հաճախորդների շահերը, մշտապես հասանելի կլինի Diners Club քարտապանների համար: Ներկայումս Diners Club քարտապանները հնարավորություն ունեն մուտք գործել աշխարհի ավելի քան 1300 օդանավակայանային հանգստավայեր: Քարտերն ընդունվում են ավելի քան 1,2 միլիոն համաշխարհային բանկոմատներում ավելի քան 130 երկրներում։

Կարելի է փաստել, որ Diners Club-ը հիրավի ֆինանսական հեղափոխություն կատարեց սպառողների և ընկերությունների կողմից ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելու ասպարեզում: Diners Club-ը հատուկ ակումբ է այնպիսի մարդկանց համար, ովքեր գնահատում են աշխարհում առաջին կրեդիտային քարտի հուսալիությունը, փորձն ու համբավը: