ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վարկային պրոդուկտ է մշակում սիրիահայերի համար

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ թիրախային վարկավորման պորտֆելում ընդգրկված երիտասարդ, կին և սկսնակ գործարարների, ուսանողների համար  գործող վարկային պրոդուկտներին կավելանա ևս մեկը` հատուկ  վարկային ծրագիր սիրիահայերի համար:  Պրոդուկտի վեջնական դիզայնի մշակման նպատակով բանկի ղեկավար անձնակազմը հանդիպել է շուրջ երկու տասնյակ սիրիահայ գործարարների հետ` այդ համատեքստում նրանց խնդիրներն ու առաջարկները քննարկելու նպատակով:   

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը կարևորելով Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինտեգրման հիմնախնդիրը նշել է, որ բանկն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում` ելնելով  սիրիահայերի սոցիալ-տնտեսական,  ժողովրդագրական առանձնահատկություններից,  պատրաստ է համատեղ ջանքերով մշակել և գործարկել կողմերի համար շահավետ վարկային պրոդուկտներ:

Հայաստանում սիրիահայ համայնքի ղեկավար Ներսես Քիվոն ընդգծել է, որ սիրիահայ գործարարները  վարկավորման պայմանների առումով մի շարք խնդիրներ ունեն և բանկի նախաձեռնությունը, դրանք համատեղ վերհանելու և հնարավոր լուծումներ գտնելու  տեսանկյունից,  շատ գնահատելի է:

Հանդիպման ավարտին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  ղեկավարը վստահեցրել է, որ բանկի մասնագետները կվերլուծեն շահագրգիռ քննարկման արդյունքում բարձրացված խնդիրները և առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում սիրիահայերին կներկայացվեն վերջնական վարկային պրոդուկտներ: