ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ձևավորում է «Հաճախորդների խորհուրդներ»

Այսուհետ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հաճախորդները բանկային ծառայություններին վերաբերող իրենց հարցադրումներն ու առաջարկները կարող են ներկայացնել նաև «Հաճախորդների խորհուրդների» միջոցով:

Հաճախորդին`  որպես գործընկեր ընդունելու սկզբունքով, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանրապետության ողջ տարածքում և Արցախում գործող իր 61 մասնաճյուղերում ձևավորելու է «Հաճախորդների խորհուրդներ»: 


Անդրանիկ խորհուրդը ստեղծվել է Արմավիրում`  Էջմիածնի  և Արմավիրի  մասնաճյուղերի  վեց ակտիվ հաճախորդների մասնակցությամբ:  

Խորհրդի առաջին նիստին մասնակցել են  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, վարչության նախագահի տեղակալ Կարեն Սարգսյանը, Տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգող վարչության պատասխանատուները և մասնաճյուղերի աշխատակիցները: 

Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը խորհրդի անդամներին առաջարկել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել  բանկի զարգացման, դեպի հաճախորդը միտված քաղաքականության իրականացման և վերջիններիս  պահանջմունքներին համապատասխան  պրոդուկտների մշակման գործընթացում: «Մեր նպատակն է բանկում գործող միջազգային տեխնոլոգիաները և մասնագիտական փորձը ծառայեցնել  ինչպես ի նպաստ յուրաքանչյուր հաճախորդի բարեկացության, այնպես էլ`  երկրի տնտեսության զարգացման»,-նշել է նա:

Խորհրդի անդամներն էլ իրենց հերթին  վստահեցրել են,  որ կառույցը կգործի արդյունավետ, և հաջորդ նիստում կքննարկվեն  տարածաշրջանին հատուկ խնդիրներ, փոխշահավետ գործակցության  կոնկրետ առաջարկներ: Խորհրդի նիստը կգումարվի եռամսյակը մեկ անգամ: