ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի և ՎԶԵԲ-ի տասնամյա համագործակցությունը շարունակվում է

Նոր վարկային ծրագիր` փոքր բիզնեսի և գործարար կանանց համար

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ԱՐԱՐԱՏԱՆԿԻՆ  10 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամով երկու վարկ է տրամադրել:
Համապատասխան պայմանագիրը  ստորագրել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  վարչության նախագահ եւ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն ու ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին:

Բանկը ստացված միջոցներն ուղղելու է տեղական միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորմանը՝ հատկապես գյուղական վայրերում եւ կանանց շրջանում: Կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին ֆինանսավորումը տրամադրվում է ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսական միջոցներից բացի տրամադրում է տեխնիկական օժանդակություն, ինչպես նաեւ բիզնես խորհրդատվական ծառայություններ: 

«Մենք ուրախ ենք շարունակելու մեր հաջողված համագործակցությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ: Այս  պայմանագրի կնքումն ընդգծում է ՎԶԵԲ-ի հանձնառությունն՝ աջակցելու Հայաստանի ամբողջ տարածքում մասնավոր բիզնեսի զարգացմանն ու ձեռներեց կանանց վարկավորման խթանմանը: Լավ աշխատող մասնավոր հատվածն առողջ տնտեսության հիմքն է»,- նշել է Սումա Չակրաբարտին՝ հույս հայտնելով, որ տրամադրված միջոցները կօգնեն ձեռներեց կանանց բիզնեսի բարգավաճմանը:

Աշոտ Օսիպյանը եւս բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ տասնամյա համագործակցությունը` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միջոցով հայաստանյան միկրո և փոքր ընկերությունների զարգացումը խթանելու առումով: Իսկ ինչ վերաբերում է կանանց կողմից  ղեկավարվող ընկերություններին, ԱՐԱՐԱԲԱՆԿԻ վարչության նախագահը հայտարարել է. «Ձեռներեց կանայք միշտ եղել են մեր  ուշադրության կենտրոնում: Կանայք պատասխանատու վարկառուներ են, եւ մենք մեր պորտֆելում մինչ օրս որեւէ խնդիր չենք ունեցել կին հաճախորդների հետ: Նախատեսում ենք տրամադրել 11% իրական տոկոսադրույքով վարկեր կին գործարարներին՝  տնտեսության բոլոր ոլորտներում: Մեր ուսումնասիրություններով՝ արդեն ունենք շուրջ 270 մլն դրամի հայտ»: 

Միաժամանակ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ղեկավարը վստահեցրել է, որ այս ծրագիրը նոր հնարավորություն է փոքր բիզնեսը խթանելու և երկրի տնտեսության մեջ հավելյալ արժեքներ ստեղծելու առումով: