Օնլայն բանկինգ
Արարատբանկը Cbonds-ի վարկածով ճանաչվել է Հայաստանի լավագույն ներդրումային բանկ
06.06.2018
Կիսվել`

Արարատբանկը Cbonds-ի վարկածով ճանաչվել է Հայաստանի լավագույն ներդրումային բանկ


Առաջատար ֆինանսական տեղեկատվական գործակալություններից մեկը՝ CBonds-ը, Արարատբանկը ճանաչել է որպես Հայաստանի լավագույն ներդրումային բանկ: Այս մասին հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատբանկի ներդրումային բանկային ծառայությունների դեպարտամենտի պետ Էդգար Էվոյանը:

Նա պատմեց, որ օրերս Արարատբանկը մասնակցել է ԱՊՀ եւ Բալթյան երկրների XV պարտատոմսային կոնգրեսին (Cbonds-Congress, 2018 թվականի մայիսի 31-ից հունիսի 1, Աստանա), որտեղ պարգևատրվեց. «2018թ Հայաստանի լավագույն ներդրումային բանկ» անվանակարգում:

Ըստ Էդգար Էվոյանի՝ ներկայումս բանկը քննարկում է արտերկրում իր սեփական կորպորատիվ եվրոբոնդերի թողարկման հնարավորությունը: Հաստատվելու դեպքում թողարկումը 2019 թվականի տարեվերջից ոչ շուտ, քանի որ նախապատրաստական մի շարք լուրջ քայլեր է պահանջում: 

«Հաղթանակը «2018թ. Հայաստանի լավագույն ներդրումային բանկ» անվանակարգում վկայում է բանկի ճանաչելիության մասին: Ներդրողները վստահում են այս կամ այն ընկերության պարտատոմսերին Հայաստանում կամ արտերկրում, երբ իմանում են, որ տեղաբաշխումն իրականացվում է Արարատբանկի կողմից: Հենց այդ պատճառով էլ մեզ առաջարկվել է մեր եվրոբոնդերը թողարկել արտերկրում»,- ասաց Էդգար Էվոյանը:

Նա նշեց, որ Արարատբանկը բավականին ակտիվ է Հայաստանի ֆոնդային շուկայում: Բանկն անցյալ տարի շուրջ 6 մլրդ դրամի դրամային եւ 4.5 միլիոն դոլարի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացրել: Բանկը նաեւ Հայաստանում կապիտալի շուկայի երեք նոր մասնակիցների է ներկայացրել եւ նոր գործիք է ներդրել` հիփոթեքային պարտատոմսերի ապահովում: Բացի այդ, բանկը որպես մարկետմեյքեր է հանդես եկել 6 ընկերությունների պարտատոմսերի 14 թողարկումների համար:

«Մեզ հաջողվել է կապեր հաստատել հայտնի ֆինանսական ինստիտուտների հետ, ինչը հնարավորություն կտա դուրս բերել հաճախորդներին միջազգային կապիտալ շուկաներ, օտարերկրյա ներդրողների ներգրավել Հայաստան, տեղական պարտատոմսերը տեղակայել արտերկրում»,- ասաց Էդգար Էվոյանը:

Նա նաեւ նշեց, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր նեդրդրումային բանկային ծառայությունների (միջազգային արժեթղթերի բրոքերային ծառայություններ եւ ակտիվների կառավարում) ներդրման վերաբերյալ: Մինչեւ տարվա վերջ բանկը հնարավորություն կունենա ներքին պարտատոմսեր առաջարկել միջազգային ներդրողներին՝ Clearstream միջազգային դեպոզիտար համակարգի հնարավորությունների կիրառմամբ:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն 1991 թվականին հիմնադրված «Արմսվյազ» բանկի իրավահաջորդն է: Բանկի բաժնետերերն են ՖԼԵՇ ՍՊԸ-ն՝ 72.73 տոկոս, Բարսեղ Բեգլարյանը՝ 18.33 տոկոս, բելգիական Incofin Investment Management-ը՝ 5.58 տոկոս: Բանկը 61 մասնաճյուղ ունի եւ ներկայացված է Հայաստանի եւ Արցախի բոլոր մարզերում:

 

Աղբյուրը՝ https://news.am/arm/news/455221.html 

Էջը թարմացվել է` 17.01.2019 | 11:47

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: