Օնլայն բանկինգ
«Չի բացառվում, որ ֆինանսական շուկայի ագրեսիվ մրցակցությունը բերի հայաստանյան բանկերի թվի կրճատման»
13.03.2018
Կիսվել`

«Չի բացառվում, որ ֆինանսական շուկայի ագրեսիվ մրցակցությունը բերի հայաստանյան բանկերի թվի կրճատման»


Ի՞նչ վիճակում է Հայաստանի բանկային համակարգն այսօր, ինչո՞ւ շուկայից դուրս եկան 4 բանկերը և հնարավո՞ր են նոր միաձուլումներ, ի՞նչ փոփոխություններ կարող են բերել թվային տեխնոլոգիաներն այս ոլորտում և ի՞նչ կա կրիպտոարժույթների ետևում։ Այս և այլ հարցերի շուրջ B4B.am-ը զրուցել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի հետ։

 

– Պրն Օսիպյան, 2014 թվականի վերջին Կենտրոնական բանկը ՀՀ տարածքում գործող բանկերի նվազագույն կապիտալի պահանջը 5 մլրդ դրամից դարձրեց 30 մլրդ։ Դրա արդյունքում՝ մի քանի բանկեր միաձուլվեցին, մյուսները՝ համալրեցին կապիտալը։ Դա որակական փոփոխությունների բերե՞լ է բանկային համակարգում։

– Իհարկե բերել է: Նախ` այդ փոփոխությունների արդյունքում, մենք այսօր ունենք որակական առումով նոր բանկային համակարգ, որն ավելի մրցունակ է տարածաշրջանային ֆինանսական շուկայում: Երկրորդ` կապիտալի ավելացումը բերեց ֆինանսական շուկայի կայունության, ինչը թույլ կտա առևտրային բանկերին հաղթահարել միջազգային ֆինանսական շուկաներում առկա մարտահրավերները, որոնք կապված են «Բազել-3»-ի նոր կանոնակարգի ներդրման և ՖՀՄՍ 9-ի ( Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ) կիրառման հետ` ապահովելով նոր զարգացումներ: Եվ վերջապես, կապիտալի ավելացման շնորհիվ, բանկերը կարող են տնտեսության ավելի խոշոր ծրագրերի ֆինանսավորման մասնակիցը դառնալ:

– Այդ փոփոխությունների արդյունքում առևտրային բանկերի թիվը 21-ից դարձավ 17։ Հայաստանի տնտեսության համար այդ թիվը նորմա՞լ է, թե՞ դեռ կրճատվելու տեղ կա։

– Երբ ավելի երիտասարդ էի, այդ հարցին կտրուկ էի պատասխանում՝ ասելով, որ Հայաստանին պետք է 11-ից 13 բանկ` օրինակ բերելով բալթյան երկրների բանկերի քանակը: Սակայն հիմա դիրքորոշումս այդքան կատեգորիկ չէ և կարծում եմ, որ բանկերի քանակը որոշում են շուկան և տնտեսության մեջ ձևավորված ավանդույթները:

Հայաստանում 17 բանկեր թեժ մրցակցության մեջ են։ Մարքեթոլոգները դա կոչում են «bloody competition»` «արյունոտ մրցակցություն» կամ «կարմիր օվկիանոս»: Իսկ շուկայի նման մրցակցությունը, որպես կանոն, բերում է միաձուլումների և բանկերի թվի կրճատման։ Շուկայում կմնան այն բանկերը, որոնք ավելի ադապտացված են, արդիական, ավելի մրցունակ են և ունեն լավագույն տեխնոլոգիաները` բանկային գործընթացների բոլոր փուլերում: Երբ, համեմատության համար, նայում ենք տարածաշրջանի՝ օրինակ, Ռուսաստանի կամ Վրաստանի բանկային համակարգը, տեսնում ենք, որ Հայաստանի բանկային համակարգում նման մեծ կենտրոնացում չունենք: Այնպես որ, այդ բնականոն պրոցեսը` շուկայի կենտրոնացումը, շարունակվելու է, և այդ ագրեսիվ մրցակցության արդյունքում չի բացառվում, որ բանկերի թվի կրճատում լինի:

– ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ այս փոփոխությունների ընթացքում ձեռք բերեց Զարգացման հայկական բանկը։ Դուք այն ժամանակ չէիք բացառում, որ հնարավոր է՝ ևս մեկ բանկ ձեռք բերեք։ Դա դեռ կա՞ ձեր պլանների մեջ։

-Այսպես ասեմ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ռազմավարության մեջ ունենք զարգացման 2 հնարավորություն՝ օրգանիկ և ոչ օրգանիկ աճ: Տեսեք, Զարգացման բանկը, ըստ էության, մեր երրորդ ձեռքբերումն էր: Նախ, մենք ոչ օրգանիկ ճանապարհով ապահովեցինք աճ` ձեռք բերելով վարկային կազմակերպություն, հետո առևտրային բանկից` վարկային փաթեթ, իսկ այնուհետև ձեռք բերեցինք բանկ, որի հետ կապված ինտեգրացիոն պրոցեսը հաջողությամբ ավարտեցինք 2017 թվականի աշնանը։ Պետք է ասեմ, որ ոչ օրգանիկ աճի գաղափարախոսությունն այսօր էլ մեր ռազմավարության ներքո է և հնարավոր, շահավետ տարբերակ լինելու դեպքում` կիրականացնենք:

– Շուկայից դուրս եկած 4 բանկերից 3-ը՝ ՊրոԿրեդիտ, ԲՏԱ Բանկ և Առէկսիմբանկ, ամբողջությամբ օտարերկրյա կապիտալով աշխատող բանկեր էին։ Նրանց հեռանալը զուտ գործարար բնույթի պատճառներո՞վ էր պայմանավորված, թե՞ քաղաքական պատճառներ էլ կարելի է փնտրել։

– Նախ ասեմ, որ ինձ համար թե՛ որպես քաղաքացի և թե՛ որպես բանկի ղեկավար, ցանկալի չէ որևէ օտարերկրյա ընկերության հեռանալը Հայաստանից, որովհետև նրանց ներկայությունը ոչ միայն լրացուցիչ մրցակցություն է ապահովում, այլ նաև` նոր բիզնես-մշակույթ: Բայց, մյուս կողմից Ձեր նշած բանկերի հեռանալը բնականոն գործընթաց էր և, իմ գնահատմամբ, մեծ մասամբ պայմանավորված էր նրանց կողմից ոչ ճիշտ բիզնես-մոդելների ընտրությամբ:

– Սակայն, օրինակ, ՊրոԿրեդիտը համարվում էր թեպետ փոքր, բայց որակյալ բանկ, որը հաջողություններ ունի այլ երկրներում։

– Չէի ցանկանա քննարկել ՊրոԿրեդիտ բանկի հաջողություններն այլ երկրներում, քանի որ դա միանշանակ չէ: Պետք է նշեմ, որ ամբողջ աշխարհում ՊրոԿրեդիտի առավելությունը դա իր իսկ հիմնադրի` IPC խորհրդատվական կազմակերպության կողմից ստեղծված փոքր և միջին բիզնեսի վարկավորման տեխնոլոգիայի արդյունավետ կիրառումն է: 2007թ.-ին, երբ ՊրոԿրեդիտը մուտք գործեց Հայաստան, սկսեց աշխատել այդ նույն տեխնոլոգիայով, որն արդեն իսկ ներդրել էր Հայաստանում և որով 8 հայկական բանկ աշխատում էր: ՊրոԿրեդիտը ֆինանսավորման այդ նիշում մրցակցությանը չկարողացավ դիմանալ և փորձեց իր ուժերը խոշոր բիզնեսի, սպառողական վարկավորման և այլ ոլորտներում, սակայն, ապարդյուն:

– Իսկ մյուս բանկերի համա՞ր ինչ կասեք։

– Չէի ցանկանա առանձին գնահատականներ տալ։ Սակայն համոզված եմ, որ մյուս բանկերի հեռանալը ևս պայմանավորված էր ոչ ճիշտ բիզնես-մոդելների ընտրությամբ։ Հայաստանում բանկային համակարգի զարգացման համար բոլոր նախադրյալները, պայմանները կան և դա միայն իմ գնահատականը չէ, նույն կարծիքին են նաև մեր գործընկեր միջազգային ֆինանսական կառույցները: Իսկ դա նշանակում է, որ եթե այդ չորս բանկերն ունենային լավ ցուցանիշներ, լավ մոդելներ ու որակյալ կառավարում, կմնային հայաստանյան շուկայում։

– Պրն Օսիպյան, Կենտրոնական բանկը երկար ժամանակ է՝ շարունակում է իրականացնել ընդլայնող կամ մեղմ դրամավարկային քաղաքականություն և վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահում է բավականին ցածր՝ 6%-ի վրա։ Դա ինչպե՞ս է ազդել վարկավորման տոկոսադրույքների և ծավալների վրա։

– Նախ ասեմ` շատ ուրախ եմ, որ մեր հասարակության մեջ կամաց-կամաց սկսում են ուշադրություն դարձնել վերաֆինանսավորման տոկոսադրույքին, դրա նշանակությանը և ազդեցությանը։ Իհարկե, այդ քաղաքականության ազդեցությունը նկատելի է՝ թե՛ վարկավորման տոկոսադրույքների նվազման, թե՛ վարկավորման ծավալների աճի առումով։

Հատկապես, դրամային վարկերի համար վերաֆինանսավորման տոկոսադրույքի ցածր մակարդակը լուրջ ազդակ է։ Դրամով վարկավորման միջին տոկոսադրույքը 2017 թվականի ընթացքում նվազել է մոտ 2 տոկոսային կետով, ինչը մեծ տեղաշարժ է։

Վարկավորման ծավալների աճն էլ զգացվում է բոլոր ուղղություններով։ Կոնկրետ մեր բանկի օրինակով՝ վարկային ներդրումների ծավալներն աճել են, հատկապես, տուրիզմի, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության և հիպոթեկային վարկավորման ոլորտներում։

 

Աղբյուրը՝ https://bit.ly/2ORE4W2 

Էջը թարմացվել է` 03.05.2019 | 14:16

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: