Կորպորատիվ կառավարում


 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ կորպորատիվ կառավարումը սկզբունքների, չափորոշիչների և կանոնների ամբողջական մի համակարգ է, որին համապատասխան Բանկում կանոնակարգվում են Բանկի բաժնետերերի, Բանկի Խորհդրի, Գործադիր մարմնի և Բանկի հաճախորդների փոխհարաբերությունները:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կառուցել և զարգացնում է կորպորատիվ կառավարման համակարգը` առաջնորդվելով միջազգային չափանիշներով և համաշխարհային լավագույն փորձով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ կարծում ենք, որ կորպորատիվ կառավարման որակը Բանկի բնականոն և շարունակական զարգացման և հնարավոր ներդրումների ներգրավման գրավականն է, ինչպես նաև գործընկերների և ներդրողների համար` լրացուցիչ երաշխիք:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ կիրառվող կորպորատիվ կառավարման չափանիշները հնարավորություն են տալիս հավասարաչափ հաշվի առնել մեր բաժնետերերի, ներդրողների և հաճախորդների  շահերը` դրականորեն ազդելով Բանկի հետագա զարգացման և Բանկի հանդեպ սպառողի վստահության մակարդակի աճի վրա:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ համոզված ենք, որ Հայաստանի բանկային համակարգում առաջնային դիրքեր զբաղեցնելը պարտավորեցնում է ապահովել ոչ միայն ծառայությունների մատուցման բարձր որակ, այլ նաև բիզնես մշակույթի, սոցիալական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման բարձր չափանիշներ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կորպորատիվ կառավարման սկզբունքները.
Կորպորատիվ կառավարումը ներառում է Բանկի գործունեության ընդհանուր կառավարումը և իրականացվում է բաժնետերերի Ընդհանուր Ժողովի և Բանկի Խորհդրի կողմից` Բանկի գործադիր մարմնի միջոցով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ կորպորատիվ կառավարման սկզունքներն են.
• ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների կատարումը.
• Բանկի բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությունը.
• Բանկի բոլոր բաժնետերերի նկատմամբ հավասար վերաբերմունքը.
• Կառավարման մարմինների միջև գործառույթների բաշխումը.
Բանկի Գործադիր մարմնի, Բանկի Խորհրդին և Բանկի Խորհրդի բաժնետերերի Ընդհանուր Ժողովին հաշվետվողականությունը.
Բանկի Խորհրդի կողմից Բանկի գործունեության և Բանկի Գործադիր մարմնի հանդեպ հսկողությունը.
• Ներքին հսկողության և աուդիտի արդյունավետ համակարգի առկայությունը.
• Բանկի ֆինանսական և տեղեկատվական թափանցելիությունը.
• Բանկի արժեքի աճի ապահովման նպատակով ներդրողների, Բանկի հաճախորդների և այլ հետաքրքրված անձանց հետ համագործակցությունը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կառավարման մարմինները

Բանկի կառավարման մարմիններն են`
• Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովը,
Բանկի խորհուրդը,
Բանկի գործադիր մարմինը` Բանկի գործադիր տնօրեն (վարչության նախագահը) և Բանկի վարչությունը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետերերի ընդհանուր ժողովը Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է, որին մասնակցելու իրավունք ունեն.
• Բանկի հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերը` իրենց պատկանող ձայների քանակով, ինչպես նաև անվանատերերը, եթե նրանք ներկայացնում են իրենց կողմից ներկայացվող Բանկի բաժնետերերի անվանումները և նրանց պատկանող բաժնետոմսերի քանակը հիմնավորող փաստաթղթերը,
Խորհրդի անդամները, գործադիր մարմնի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով,
• Բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման անդամները` որպես դիտորդ,
• Բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձը` որպես դիտորդ (եթե նրա եզրակացությունն առկա է Ժողովի օրակարգի հարցերում),

Կենտրոնական բանկի ներկայացուցիչները` որպես դիտորդ.
• Բանկի մյուս ղեկավարները և աշխատողները` Խորհրդի որոշմամբ:
Բանկի տարեկան Ժողովը գումարվում է Խորհրդի որոշմամբ` Բանկի յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում:
Անհետաձգելի հարցերի քննարկման համար տարեկան Ժողովից բացի գումարվում են արտահերթ Ժողովներ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Խորհուրդն իրականացնում է Բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը և կազմվում է առնվազն 5, առավելագույնը` 15 անդամից:
Խորհրդի անդամներն ընտրվում են տարեկան Ժողովում` Բանկի ներկա բաժնետերերի կողմից, իսկ Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում` արտահերթ Ժողովում` Բանկի ներկա բաժնետերերի կողմից:
Խորհրդի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որի տվյալները բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին: Խորհրդի անդամները և գործադիր մարմնի անդամները չեն կարող լինել միմյանց հետ փոխկապակցված անձինք: Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը 5 տարի է և պաշտոնում վերընտրվելը չի սահմանափակվում:
Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կողմից` Խորհրդի անդամների կազմից:
Խորհուրդն իր աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծել է հանձնաժողովներ, որոնցում ընդգրկվել են Խորհրդի անդամները և Բանկի այլ ղեկավարները` դիտորդի կարգավիճակով:
1. Կորպորատիվ կառավարման և անձնակազմի կառավարման հանձնաժողով.
Կազմ Գործունեության կանոնակարգ
2. Աուդիտի և ռիսկերի կառավարման հանձնաժողով.
Կազմ Գործունեության կանոնակարգ
Խորհուրդն իր աշխատանքների ընթացքում ըստ անհրաժեշտության կարող է ներգրավել Բանկի այլ մասնագետներին:
Բանկի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր մարմինը` Բանկի Վարչությունը և Գործադիր տնօրենը: Վարչության կազմը ձևավորվում է Խորհրդի որոշմամբ:
Վարչության կազմում պարտադիր ընդգրկվում են Գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը, Բանկի ռազմավարության, մեթոդոլոգիայի և ռիսկերի գնահատման, վարկավորման, իրավաբանական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև, Խորհրդի որոշմամբ, այլ ստորաբաժանումների ղեկավարներ:
Գործադիր տնօրենը Խորհրդին առնվազն եռամսյակը մեկ անգամ, ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ հաշվետվություններ` Խորհրդի կողմից սահմանված կարգով և ձևով:


Բանկի գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքներն են`

Բանկի գործադիր մարմնի աշխատանքի գնահատման գործառույթը վերապահվում է Բանկի խորհրդին:

Բանկի խորհուրդը գործադիր մարմնի կատարած աշխատանքը գնահատում է Կանոնադրությամբ սահմանված կարգով խոհրդին յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո ներկայացվող հաշվետվությունների հիման վրա:

Բանկի գործադիր մարմնի աշխատանքների գնահատումն իրականացվում է`հիմք ընդունելով Բանկի հեռանկարային զարգացման ծրագրով և տարեկան բյուջեի շրջանակներում պլանավորված առանձին ցուցանիշների (այդ թվում`ակտիվների մեծության, վարկային ներդրումների որակական և քանակական ցուցանիշների, զուտ շահույթի մեծության, Բանկի կապիտալի և ակտիվների շահութաբերության մակարդակների) կատարողականը:

Բանկի գործադիր մարմնի աշխատանքների գնահատման նպատակով դիտարկվում է նաև`
• Բանկի ամփոփ գնահատման ՔԱՄԵԼՍ ցուցանիշի մեծությունը,
• Բանկում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման արդյունքները,
• հաստատված ներքին իրավական ակտերի և այլ որոշումների պատշաճ կատարումը,
• ռիսկերի կառավարման քաղաքականության իրագործումը,
• վարվող կադրային քաղաքականությունը,
• Բանկի ընթացիկ գործունեության արդյունավետ կառավարումը և հեռանկարային զարգացմանը միտված ծրագրերը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և անդամները նշանակվում են Խորհրդի կողմից: Ներքին աուդիտի անդամ չեն կարող լինել Բանկի կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներն ու աշխատողները, ինչպես նաև գործադիր մարմնի հետ փոխկապակցված անձինք:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 31.12.2016թ. դրությամբ ունի 913 աշխատակից:
 
 

 

 





Նախորդ էջ